Ռումինիայի նախագահական ընտրություններում ռուսամետ թեկնածու Կելին Ջորջեսկուն ձերբակալվել է և տարվել ոստիկանություն՝ անցած նոյեմբերին իր հաղթանակած քվեարկության վիճահարույց չեղարկման առնչությամբ հարցաքննվելու համար, գրում է Politico-ն։

«Կելին Ջորջեսկուն պատրաստվում էր առաջադրել իր նոր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Մոտ 30 րոպե առաջ համակարգը նրան կանգնեցրել է երթևեկության մեջ, և նրան տեղափոխել են Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության։ Ո՞ւր է ժողովրդավարությունը, որտե՞ղ են այն գործընկերները, որոնք պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը»,-ասված է Ջորջեսկուի ֆեյբուքյան գրառման մեջ։

Ըստ ռումինական Digi24 լրատվական հեռուստաալիքի՝ դատախազները նրա նկատմամբ ձերբակալության հրամանագիր են արձակել և սկսել են խուզարկել նրա մերձավոր  զինակիցների գրասենյակները։

Ռումինական Antena 3 CNN լրատվական ալիքը հայտնել է, որ Ջորջեսկուն հարցաքննվում է անցյալ տարի իր նախընտրական արշավի ֆինանսավորման առնչությամբ։

Դատախազները կասկածում են 27 մարդու Ռումինիայի սահմանադրական կարգի դեմ գործողությունների, հասարակական հրահրման, ֆաշիստական ​​կազմակերպություն ստեղծելու և քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրների մասին կեղծ հայտարարություններ անելու մեջ, սակայն նրանք իրենց հայտարարության մեջ չեն նշել Ջորջեսկուի կամ նրա օգնականների անունները։ Չորեքշաբթի առավոտյան արշավանքների մասին լուրերի ի հայտ գալուց անմիջապես հետո Ջորջեսկուն հայտարարել է, որ խուզարկությունների նպատակն է արգելափակել իր նախագահի պաշտոնի առաջադրման իր հայտը:

Ռումինիան քաղաքական քաոսում հայտնվեց անցյալ տարվա վերջին, երբ ռուսամետ, ծայրահեղ աջ առաջնորդ և ՆԱՏՕ-ի հանդեպ հոռետեսություն արտահայտած Ջորջեսկուն հաղթեց նախագահական ընտրությունների առաջին փուլում և երկրորդ փուլում պետք է պայքարեր ռեֆորմիստ Ելենա Լասկոնիի հետ:

Սակայն Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ պատճառաբանելով «արդյունքների վրա ազդելուն ուղղված ռուսական ենթադրյալ գործողությունը»։