Մոսկվայում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ «Պ» վարչության պետի տեղակալին, որի խնդիրն էր պայքարել հանցավորության դեմ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում։ Գնդապետ Եվգենի Գոլովատին ենթադրաբար ինքնասպան է եղել իր ծառայողական զենքով, հայտնել է «Коммерсант»-ը։

Սպան հայտնաբերվել է մայրաքաղաքի Ռյազանսկի նրբանցքում գտնվող ՌԴ ՆԳՆ տնտեսական հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի աշխատասենյակում: Թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, պարբերականը չի նշել։

Նշվել է, որ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է իրականացնում։ Դրա արդյունքների հիման վրա որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու (հավանաբար ինքնասպանության դրդելու մասին) կամ մերժելու մասին։

Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ՌԴ պետական ​​համակարգի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ մահացել են մեկ օրվա ընթացքում, պատուհանից ընկնելով։ Մոսկվայում, Շինարարների փողոցում, դատաբժշկական կենտրոնի  պետի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Զուբկովն ընկել է Քննչական կոմիտեի դատաբժշկական կենտրոնի շենքի պատուհանից։ Նա ավելի ուշ մահացել էր ստացած վնասվածքներից, բայց հասցրել էր պատմել, որ մտել է զուգարան շենքի 4-րդ հարկում, իսկ դրանից հետո արդեն ոչինչ չի հիշել։ Զուբկովի գործընկերները ենթադրել են, որ նա սթրես է ունեցել ամփոփիչ քննչական կոլեգիայի  նախօրեին։

Պետրոզավոդսկում՝ Կարելիայի գծով Դաշնային հակամենաշնորհային ծառայության շենքի մոտ, մահացած են գտել գործակալության տարածաշրջանային բաժնի ղեկավար Արթուր Պրյախինին։ ՔԿ-ում հայտնել են, որ 56-ամյա պաշտոնյան փետրվարի 4-ին ընկել է հինգերորդ հարկի պատուհանից։ Նախնական վարկածով՝ դա ինքնասպանություն էր։