Չելյաբինսկի մարզային դատարանը հրաժարվել է փոխել առաջին ատյանի դատարանի ընդունած՝ ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից Չելյաբինսկի մարզում կալանավորված Էդիկ Առաքելյանի խափանման միջոցը, որը խոշոր կապալառու «Դորստրոյգրուպ» ընկերության հիմնադիրներից է եւ փետրվարի 13-ին հայտնվել է քննչական մեկուսարանում կաշառքի գործով։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել են մարզային դատախազության մամուլի ծատռայությունում։

«Մարզային դատարանը, հաշվի առնելով դատախազի դիրքորոշումը, մերժել է վերաքննիչ բողոքի փաստարկները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը»,- ասել են մամուլի կենտրոնում։

Իրավապահ մարմիններին հղում կատարելով՝ փետրվարի 13-ին ՏԱՍՍ-ը հայտնել է, որ պետական պայմանագրով ճանապարհային աշխատանքներ ընդունելու ժամանակ կաշառքի գործի շրջանակում Էդիկ Առաքելյանի նկատմամբ Տրակտորոզավոդսկի շրջանային դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչեւ 2025թ. ապրիլի 12-ը։

Փետրվարի 12-ին, իրավապահ մարմիններին հղում կատարելով, տեղեկացվել է, որ Առաքելյանից բացի, բերման է ենթարկվել նաեւ «Ստրոյկոնտինենտ» ՍՊԸ տնօրեն Անտոն Զերկինը, որն, ըստ նախնական տվյալների, միջնորդ է եղել «Չելյաբինսկավտոդոր» կազմակերպության բաժանմունքներից մեկի նախկինում կալանավորված պետ Արտյոմ Ստեպանովի եւ Առաքելյանի ընկերության միջեւ։ Քննության վարկածով՝ փողի համար ճանապարհաշինարարներից անխոչընդոտ ընդունել են պետպատվերի աշխատանքները։

Զերկինի եւ Առաքելյանի տներում եւ նրանց աշխատավայրերում խուզարկություններ են կատարվել։ Առաքելյանի եւ Զերկինի ընկերությունների եկամուտը, ըստ տվյալների, տարեկան կազմել է միլիարդավոր ռուբլիներ, պայմանագրերի մեծ մասը պետական է եղել։

Չելյաբինսկի մարզի դատախազության մամուլի կենտրոնը 2022թ. օգոստոսին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 19.28 հոդվածի 1-ին մասով: Դրա քննարկման արդյունքների հիման վրա դատարանն ընկերությանը տուգանել է 1 մլն ռուբլով։

ՌԴ ԱԴԾ մարզային վարչության մամուլի ծառայությունը 2025թ. հունվարին հայտնել էր, որ դատարանը Չելյաբինսկի մարզի խոշոր կապալառու կազմակերպություններից մեկի՝ «Ուրալդորստրոյ» ՍՊԸ տնօրեն Նվեր Քոլոզյանին մեղավոր է ճանաչել «Չելյաբինսկավտոդորի» պաշտոնյաներին ավելի քան 8 մլն ռուբլի կաշառք տալու մեջ։ Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման եւ 40 մլն ռուբլու տուգանքի։