Ստամբուլում երկու երկրների արտաքին քաղաքականության փորձագետների մակարդակով խորհրդակցություններ են ընթանում ՌԴ ԱԳՆ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի միջեւ։ Քննարկվում են շփումների վերսկսումը եւ դեսպանությունների աշխատանքի հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ մենք Ստամբուլում խորհրդակցություններ ենք անցկացնում ՌԴ ԱԳՆ-ի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի միջեւ արտաքին քաղաքականության փորձագետների մակարդակով շփումների վերսկսման, դեսպանատների աշխատանքի եւ այլնի վերաբերյալ»,- ասել է դիվանագետը։
Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում ընթանում են բանակցություններ Ստամբուլում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունների միջեւ, որոնցում կողմերը քննարկում են դեսպանությունների աշխատանքի խնդիրները։ Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնակցում են «բարձր մակարդակի դիվանագետներ եւ փորձագետներ»։ Հանդիպումն ընթանում է դռնփակ։ Նստավայրում տարբեր երկրներից ժամանած լրագրողները շարունակում են սպասել բանակցությունների ավարտին։




























