Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դուք անպայման տեսնելու եք, ականատես եք լինելու, հարցերի պատասխաններն էլ չեն շրջանցվելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ մինչ օրս քննիչ հանձնաժողովի զեկույցը չկա:
«Դա կմտնի լիագումար նիստերի օրակարգ և կլինի փակ նիստում»,-ասաց նա:
Անդրադառնալով անհետ կորածների ծնողների հետ իրենց հանդիպմանը, Քոչարյանն ասաց. «Մենք որոշեցինք մեկ ամիս հետո ևս մեկ քննարկում անցկացնել: Մենք կազմեցինք տեղեկանք առաջին քննարկման մասին, որը ուղարկվեց հիմնական զեկուցողին: Դրան գումարած նաև այն բոլոր առաջարկները, որոնք արվել են զոհվածների և անհետ կորածների հարազատների իրավական խմբի կողմից, երկու կարևոր զեկույց է եղել, դրանք էլ մշակվել են և ներառվել են տեղեկանքի մեջ։
Դա ուղարկվել է արդարադատության նախարարին, ԱԱԾ տնօրենին, և նաև ծնողներին է տրվել: Մենք այս ժամանակը օգտագործում ենք բարձրացած հարցերի լուծումներին ընթացք տալու:
Ասեմ ձեզ, որ քննարկումից, լսումներից հետո եղել են ծնողներ, որոնք նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են և հուղարկավորել են»:
Նա նաեւ հավելեց, որ քննարկման ժամանակ խոսվել է քննության միջոցով ձեռք բերված փաստացի տվյալների մասին, թե որտեղ փնտրենք անհետ կորածին կամ զոհվածի մահվան հանգամանքները. «Մոտավորապես, 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները և՛ Հայաստանի, և Ադրբեջանի, աշխատում են: Նաեւ հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ եւ պետք է հասնենք, նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է:
Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը կգտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի և այդտեղ հանգստություն կգտնի»,-ասաց Քոչարյանը:





























