Վերջերս բանակում շատ ցավալի դեպք ունեցանք, զինվոր մահացավ, որը ասացին՝ թոքաբորբից էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Դա նշանակում է, որ այդ զորամասում պետք է համակարգված խնդիրներ լուծվեն: Անպայման պատասխանատվության պետք է ենթարկվեն այն մարդիկ, որոնց անտարբերության պատճառով է նաեւ, որ նման երևույթներ առայժմ կան:
Հիշու՞մ եք Հայկ Սարգսյանը օրինագիծ էր բերել խաղային բիզնեսին առնչվող։ Ես խնդրեցի, որպեսզի ինձ ներկայացնեն 2022-2023 թվականներին այդ առնչությամբ ի՞նչ ինքնասպանություններ կան։ Ընդամենը մեկ թիվ կար, որտեղ խաղադրույքների հետ առնչվող ինքնասպանություն չկար, բայց հետո ունեինք երկու դեպք, մի տարի մեկ դեպք, երեք դեպք: Դրանք շատ ցավալի բաներ են և այդ հարցերի լուծումը պետք է կարողանանք գտնել մերժելով կախվածությունը:
Վերջերս էլ զինվորական էր ինքնասպան եղել կախվելու միջոցով, ոչ զորակոչային տարիքի, այնտեղ էլ էլի տեսել էին առնչություն կախվածության հետ:
Բանակում այդ բաները պետք է բացառել, բանակը պետք է լինի շատ ստերիլ, իսկ դրա համար բարեփոխումները պետք է լիարժեք իրականացվեն»,- ընդգծեց հանձնաժողովի նախագահը:





























