Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտն իր հունով ընթանում է, մարդիկ բոյկոտում են: Այս մասին ասել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

«Նաեւ այս ընթացքում  3-4 օրով բացակայել եմ քաղաքից, մեկնել էի Իսպանիա իմ համերգային գործունեությամբ: Այս ընթացքում իշխանության բոլոր կալիբրների ուսապարկերի եւ պրոպագանդիստների մակարդակով անդրադարձել էին եւ ասել էին, որ Հայկ Մարությանը լքեց բոյկոտը եւ գնաց աշխատելու:  Ճիշտն ասած իրենց չեմ մեղադրում, որովհետեւ իրենք չգիտեն, թե ինչ է նշանակում աշխատել, որովհետեւ մինչեւ իշխանության գալը ոչ մի բանի  պիտանի չեն եղել, ոչ մի մասնագիտություն չեն ունեցել, հետո որ եկել են իշխանության, սկսել են բոլոր ռեսուրսները օգտագործել եւ հիմա չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքը պաշտոնից հետո: Իրենք պատկերացնում են, որ այնքան փող են գռփելու, որ իրենց  հետագա ամբողջ կյանքի ընթացքում աշխատելու կարիք չեն ունենա»,-ասաց նա՝ նշելով, որ ազնիվ աշխատող պաշտոնյան պաշտոնավարումից հետո էլ պետք է աշխատի:

Մարությանը նշեց, որ օրվա ընթացքում մի քանի ավտոբուս է նստել, մարդիկ կան, որոնք չեն վճարում, կան որ 100 դրամ են վճարում. «Փաստացի այն պայքարը, որ մենք տանում էինք հասել է հաջողության»: