Ի՞նչ կապ ունի, ով ինչպես է հայտնվել Բաքվում, եթե Բաքվում հայտնվել է հայ մարդ և նա գերության մեջ է, Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է այդ մեկ մարդու համար ու կապ չունի այդ հայ մարդը ով է, գերի է, պատանդ է, նախկինում ով է եղել, բիզնեսմեն է, չգիտեմ, քաղաքական հավակնորդ է կամ գող է կամ ավազակ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԳՆ դիմաց հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստանի» անդամ Անի Սամսոնյանը։
«Բոլոր դեպքերում նա հայ մարդ է և սա ազգային արժանապատվության հարց է: Սա քաղաքական բազարի հարց չէ, որ դնենք, որոշենք, թե նա ինչու էր գնացել Արցախ»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպե՞ս է տեսնում հայ գերիների վերադարձի հնարավորությունը, Սամսոնյանը պատասխանեց. «Հնարավորությունը ես տեսնում եմ անկեղծ ասած մի դեպքում, երբ հայ-ադրբեջանական բանակցություններում կլինի ուժեղ միջնորդ, այս հարցը դրվի սեղանին և այդ ուժեղ միջնորդի միջոցով հետ վերադառնան նաև մեր ռազմագերիները։ Արևմուտքի մասով ես որևէ ակնկալիք չունեմ որպես ուժեղ միջնորդի, որովհետև մենք տեսանք, որ Արևմուտքը ուժեղ միջնորդ չէ: Մյուսը Մոսկվան է, որ մեր իշխանությունները պետք է փորձեն, եթե ուզում են իհարկե այդ մարդկանց բերել Հայաստան, այդ ուղիները օգտագործեն:
Եթե իշխանությունը փոխվի, դրանով շատ բան կփոխվի, որովհետև եթե այս իշխանությանը չի մտահոգում պատանդների, նախկին նախագահների, Ռուբեն Վարդանյանի և այլոց ճակատագիրը այնտեղ, բանակցող փոխվելու դեպքում, իհարկե, այդ բանակցողի կամքից, ցանկությունից և նաև հնարավորություններից է կախված լինելու, թե որքանո՞վ է կարողանալու հարց լուծել և այդ հարց լուծելու միջոցով կարողանա մեր գերիներին հետ բերել: «Հարց լուծել» ասելով ես նկատի չունեմ միայն օրինական թափանցիկ ճանապարհներով, 1000 ձևով հնարավոր է հարց լուծել, եթե դու ունես իշխանություն, և եթե դու ունես ցանկություն»,-ասաց նա:
Սամսոնյանի խոսքով, այս ակցիայով իրենք ցույց են տալիս, որ եթե իշխանությունը անտարբեր է, իրենք ունեն ազգային արժանապատվություն և անտարբեր չեն այդ մարդկանց նկատմամբ։
«Եթե այդ մարդիկ իրականացրել են Հայաստանի դեմ անօրինական գործողություններ, եթե այդ մարդիկ մեղադրվում են կոռուպցիայի, թալանի և այլի մեջ, որ հիմա ներկայացնում են, դա մեր հարցն է, նրանց հետ մենք պետք է դատ ու դատաստան տեսնենք և ոչ թե ուրախանանք, որ նրանց դատում են Բաքվում։ Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ։
Իշխանությունը ցանկություն չունի նրանց հետ բերելու: Եթե մարդիկ այստեղ մտնում են բանավեճերի մեջ, թե ով ինչու գնաց Արցախ, հետո ինչու հայտնվեց Բաքվում, թե ով ինչքանով ծախեց Ղարաբաղը, թալանեց Ղարաբաղը, այդ բոլոր հարցերը մենք կարող ենք քննարկել, երբ որ այդ մարդիկ գան հասնեն այստեղ: Ընդհանրապես մենք, որպես երկիր, չպիտի թողնեինք, որ այդ մարդիկ հայտնվեին Բաքվում, ոչ մի ճանապարհով պիտի դա թույլ չտայինք»,- հայտարարեց Սամսոնյանը:











