Ինտերնետային հսկա Google-ի ծառայությունները դեկտեմբերի 22-ին Ռուսաստանում մեկ ժամից ավելի անհասանելի են եղել:  Օգտվողները չեն կարողացել այցելել google.ru  կայք, օգտվել Gmail փոստից, YouTube վիդեոհոսթինգից եւ ամերիկյան ընկերության այլ կայքերից:

Ընդհատումներ են եղել նաեւ  Google-ի հետ առնչություն չունեցող, բայց նրա վիճակագրական ծառայություններից օգտվող այլ կայքերի աշխատանքում եւս, մասնավորապես, Google Analytics-ից:

Ընդ որում` միայն Ռուսաստանի դեպքում է այդպես եղել,  արտերկրի սերվերներից միանալիս ամեն ինչ սովորականի նման է եղել:

Google-ի ռուսական գրասենյակը Twitter-ի միջոցով հայտնել է, որ տեղյակ է կատարվածի մասին: Google-ը «նորոգել են» միայն Մոսկվայի ժամանակով ժամը  16:00-ին,  հայտնում է vesti.ru-ն

Սոցցանցերում Google-ի խափանումը գնահատվել է իբրեւ աշխարհի վերջ:  «Google-ը խափանվել է, աշխարհի վերջը խոստացվածից 10 օր շուտ է եկել», - Twitter-ում գրել է օգտատերերից մեկը: Նաեւ կլիմայական հիպոթեզ էր առաջ քաշվել, ըստ որի` խափանման պատճառը տեղացող ձյունն է:

Եվ, իհարկե, կատակներ են հնչել. «Google-ը գնել է Ռուսաստանի փոստը, եւ հիմա նրանց ընթրիքի ժամն է»: