Արեւմտյան երկրների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը Հայաստանի էներգետիկ համակարգի վրա բացասաբար չի անդրադառնա: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 22-ին հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նրա խոսքով` Հայաստանի էներգետիկ համակարգը բավականին ինքնուրույն է, դիվերսիֆիկացված են էներգակիների ներկրման ուղիները եւ հզորությունները: «Մենք ի վիճակի ենք Իրանում ֆորսմաժորային իրավիճակի դեպքում մեր անկախությունը պահել»,- ասաց նախարարը:
Սակայն Ա. Մովսիսյանը նշեց, որ հայ-իրանական որոշ էներգետիկ ծրագրեր հետաձգվել են` «ոչ հայկական կողմի մեղքով»: Առաջին հերթին դա վերաբերում է Իրան- Հայաստան նավթամթերատար խողովակաշարին եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը: Սակայն Ա. Մովսիսյանը նշեց, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վաղը սկսկվող պաշտոնական այցի ժամանակ նախատեսվում է համաձայնեցնել Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները:




























