Հաջորդ տարի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրապետությունում 7 մլրդ դրամի ներդումներ կկատարի։ Այս մասին դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։ Ըստ նրա՝ «ՀԷՑ» բաժնետեր «ИНТЕР РАО ЕЭС» Հայաստանում ողջ տարիների ընթացքում կատարել է 106 մլրդ դրամի ներդրում։ «Ներդրումների իրականացումը ակտիվացել են հատկապես վերջին 2 տարվա ընթացքում։ Նախորդ տարի կատարվեց 34 մլրդ դրամի, իսկ այս տարի 19 մլրդ դրամի ներդրում։ Այս ներդրումներին է ուղղվել «ՀԷՑ» եկամուտները, ինչպես նաեւ 180 մլն դոլար հավելյալ ներդրումային գումարներ են ներգրավվել, որոնք կամ վարկ են կամ պարտք։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք արդեն պետք է սկսենք մարել վարկերը»,- ասաց Բիբինը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա ներդրումները կուղղվեն նոր բաժանորդներին էլեկտրական ցանցին միացմանը։
Մասնավորապես հաջորդ տարի ցանցին է միացվելու Գյումրիի նորակառույց Մուշ 2 թաղամասը։
Կշարունակվի նաեւ 0,4/10 կիլովոլտ ցանցերի վերակառուցումը, որը Բիբինը գնահատմամբ, բավականին հին է։ «Էներգամատակարարման շատ լուրջ խնդիրներ կան հենց այս ցածրավոլտ ցանցերում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդ տարիներին ցանցերի վերազինման եւ վերակառուցման արդյունքում մինչեւ բաժանորդ կորուստների քանակը նախորդ տարվա համեմատ նվազել է 16 տոկոսով։
«ՀԷՑ» գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ իրենց մոտ 6 մլրդ դրամ պարտք ունեն վճարելու բնակիչներն ու ընկերություները։ «Պարտքի կեսը՝ 3 մլրդ դրամը բաժին է ընկնում քաղաքացիներին, իսկ մյուս 3 մլրդ-ը ընկերություններին։ Ամենախոշորը «Նաիրիտ»-ի պարտքն է»,- ասաց Բիբինը՝ մանրամասնելով, որ «Նաիրիտ»-ի հետ համաձայնության են եկել դադարեցնել գումարի չվճաման տուգանքը, եւ ապահովել այդ ընկերության արտադրամասերի համար անհրաժեշտ նվազագույն էլեկտրաէներգիան։




























