ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անտառային հրդեհները ստիպել են նահանգապետ Հենրի Մաքմասթերին կիրակի օրն արտակարգ դրություն հայտարարել, հայտնում է NBC News-ը։

Մաքմասթերը հայտնել է, որ ներկայումս նահանգում ավելի քան 175 անտառային հրդեհ է գործում, որոնք ընդգրկում են մոտ 4200 ակր տարածք Հորրի, Սպարտանբուրգ, Յունիոն, Օկոնե և Պիկենս շրջաններում:

«Այս արտակարգ դրությունը երաշխավորում է, որ մեր արտակարգ արձագանքման ծառայությունները, որոնք անխոնջ աշխատում են և վտանգում իրենց կյանքը՝ պաշտպանելով մեր համայնքներն այս անտառային հրդեհներից, ունենան անհրաժեշտ պաշարները, - ասվում է Մաքմասթերի հայտարարության մեջ: - Անտառային հրդեհների վտանգավոր պայմանները պահանջում են, որ այրման արգելքն ուժի մեջ մնա մինչև հետագա ծանուցումը: Այս արգելքը խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության»։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբին մահաբեր հրդեհներն ընդգրկել էին Հարավային Կալիֆոռնիան:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Կոնգրեսից խնդրել էր մոտ 40 միլիարդ դոլարի օգնություն՝ Լոս Անջելեսը և շրջակա տարածքը  հունվարյան ավերիչ հրդեհներից հետո վերականգնելու համար: