Ճապոնիայի հյուսիսարեւելյան Իվատե պրեֆեկտուրայում բռնկված անտառային հրդեհի չափերը, որը համարվում է ամենամեծը 1992-ից ի վեր, շարունակում են աճել հինգերորդ օրն անընդմեջ: Այս մասին վկայում են պրեֆեկտուրայի վարչակազմի տվյալները։

Մարտի 3-ի առավոտվա դրությամբ հրդեհի տարածքը հասել է 2,1 հազար հեկտարի՝ վերջին 24 ժամում ավելանալով մոտ 300 հեկտարով։

Այս պահին հայտնի է մեկ մահվան դեպք, անհետ կորածների թիվը ճշտվում է։ Բացի այդ, հրդեհի հետեւանքով ավերվել կամ վնասվել են մոտ 90 բնակելի եւ կոմերցիոն շինություններ։

Մոտ 5 հազար բնակիչ ստացել է տարհանման հանձնարարականներ, մոտ 1,2 հազար մարդ տեղափոխվել է տարհանման կենտրոններ։ Մոտ 1,8 հազար շենք հոսանքազրկված է։