ԱՄՆ-ում 20-ամյա Ռոբբի Միդլթոնի ծնողները իրենց երեխայի մահվան ենթադրյալ մեղավորից 150 մլրդ դոլար փոխհատուցում են ստանալու:

12 տարի առաջ Ռոբբիի վրա բենզին էին լցրել եւ այրել: Տղան հրաշքով փրկվել էր, բայց նրա մոտ մաշկի քաղցկեղ էր առաջացել, որն էլ մահվան պատճառ էր դարձել:

Տղայի վրա հարձակվելու համար ոչ ոք չէր դատապարտվել, սակայն ծնողները վստահ են Դոնալդ Քոլինսի մեղավորության մեջ: վերջինս պատիժ է կրում այլ գործով` անչափահասների գայթակղելու համար: Հանցագործի անունը հայտնել էր ինքը` Ռոբբին: Տղայի մահից հետո ծնողները դատի են տվել քաղհայցով եւ շահել դատը:

Սա առողջությանը հասցված վնասի համար ամենախոշոր փոխհատուցումն է, որ երբեւէ վճռել է դատարանը: Նախորդ ռեկորդը` 145 մլրդ, սահմանվել էր մի քանի ծխախոտային ընկերությունների նկատմամբ:

Փորձագետները միաժամանակ ակսկածում են, որ ընտանիքը երբեւէ կստանա այդ գումարները, նույնիսկ եթե Քոլլինսը վաճառի իր ունեցվածքը:

Հարձակման ժամանակ Միդլթոնը եղել է ընդամենը 8 տարեկան: Հայցում նշվում է, որ 14-ամյա Քոլինսը սպառնացել է տղային: Ի վերջո, նա կապել է Ռոբբիին ծառից, բենզին լցրել եւ այրել: Նաեւ սեռական բռնություն է գործադրել:

Ռոբբի Միդլթոնը դեպքից հետո մինչեւ մահն անցկացրել է այրվածքաբանական կենտրոնում: 2011թ. ապրիլի 29-ին նա մահացել էր: