Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի առեւտրականնների եւ արհեստավորների միությունը (TESK) հանդես է եկել կոչով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ TESK-ը կոչ է արել 82 միությունների եւ 13 ֆեդերացիաների՝ խանութների դարակներից իջեցնել ֆրանսիական ապրանքները։  Միեւնույն ժամանակ Թուրքիայի վարորդների եւ ավտոսեփականատերերի ֆեդերացիան Ֆրանսիայի ընդունած որոշումը քննադատող 100 հազարավոր բրոշյուրներ է տպագրելու, որոնք կփակցվեն տաքսիներում եւ հասարակական տրանսպորտում։

Նախկինում իրենց բոյկոտը թարմացնելու կոչով է հանդես եկել Թուրքիայի սպառողների միության փոխնախագահ Հաթիջե Սաադեթ Քալյոնջուն։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:

Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվը 2011-ին կարող է հասնել 14 մլրդ-ի։

Ֆրանսիական ուղիղ ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։

Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը: