Եթե փաստերով գնահատենք իրավիճակը, հանրապետությունում արձանագրված հանցավորությունը նվազել է. 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 1.1 տոկոսով։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Այդուհանդերձ, մի շարք հանցատեսակների տենդենցները շարունակում են մնալ մտահոգիչ և բացի դրանք զսպող մարտավարական գործընթացների կիրառումից, նախարարությունը պլանավորել է նաև երկարաժամկետ՝ ռազմավարական գործողություններ։
Այս տեսանկյունից արձանագրեմ, որ թեև հանցավորության բացահայտման աշխատանքները որոշակիորեն բավարար են և տարբեր ուղղություններով որակական փոփոխություններ են նկատվում, բայցև կանխարգելման առումով լիարժեք ինստիտուցիոնալ մեխանիզմները շարունակում են մնալ չգոհացնող, ինչի ուղղությամբ, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրին համահունչ, նպատակադրված ենք այս տարի մշակել հանցավորության կանխարգելման համապարփակ ռազմավարություն»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպիսի՞ փոփոխություններ են իրականացվել ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման գործընթացում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Այս հանցատեսակի դեմ պայքարում առաջընթաց ապահովելու իմաստով աներկբա է, որ սահմանային անցակետերով թմրամիջոցների մեծ խմբաքանակների ապօրինի ներկրման կասեցումը և թմրամիջոցների պատրաստման լաբորատորիաների ժամանակին հայտնաբերումը կանխում է թմրամիջոցների հետագա՝ մասնատված և բազմադրվագ իրացումը։ Մարտահրավերային բաղադրիչն այս հարցում համացանցն է, որի միջոցով շատ հաճախ իրավապահների իրավական տեսադաշտում հայտնվում են կատարողները, այլ ոչ կազմակերպիչները։
Վերջին ամիսների ինտենսիվ աշխատանքի արդյունքում Ոստիկանության բոլոր ուղղությունների համատեղ աշխատանքի արդյունքում բացահայտել ենք ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր՝ առգրավվելով մի քանի տասնյակ կիլոգրամ թմրամիջոց։ Համայնքային ոստիկանության կողմից Շենգավիթ վարչական տարածքում բացահայտվել է պրեկուրսորների պատրաստման լաբորատորիա։ Միայն այս տարվա երկու ամիսների ընթացքում Քրեական ոստիկանությունը սահմանային հատվածում առգրավել է մի դեպքում 25 կգ, մյուս դեպքում՝ 18 կգ թմրամիջոց, իսկ օրեր առաջ բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական խոշոր դեպքը՝ առգրավելով շուրջ 30 կգ թմրամիջոց։ Այս մարտահրավերին արդյունավետ հակազդելու նպատակով շարունակական աշխատանքներ ենք իրականացնում Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ինչպես նյութատեխնիկական հագեցվածության, այնպես էլ անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Պակաս կարևոր չէ միջազգային համագործակցության գործիքների ընդլայնման դերը, քանի որ շատ հաճախ գործ ենք ունենում կազմակերպված խմբերի հետ, որոնց միայն մի գործողությունն է ընդգրկում Հայաստանը։
Այս ուղղությունն ինձ համար կարևոր առաջնահերթություններից է, քանի որ ոչ միայն հանրային անվտանգության, այլև հանրային առողջապահության հարց է։ Հետևապես, այս հարցին անդրադառնալիս՝ մեր մոտեցումը չի կարող սևեռվել միայն անձին պատասխանատվության ենթարկելու վրա։ Այո, պատժի անխուսափելիությունը պետք է լինի և անձը պետք է հստակ պատասխանատվության ենթարկվի, բայց զուգահեռաբար նրա հետ պետք է աշխատանք տարվի, այլապես թմրամիջոցի առնվազն օգտագործման շղթան անդառնալի հետևանքներ կարող է ունենալ անձի կյանքի և առողջության համար, աշխատանք պետք է տանել նաև այլ քաղաքացիների հետ, որպեսզի նրանք չհայտնվեն այս շղթայում։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկարաժամկետ և ամբողջական լուծումների ուղղությամբ նախարարության կողմից մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի նախագիծը, այն արդեն պատրաստ է և կարծում եմ՝ առաջիկայում ենթակա կլինի հաստատման։ Այն հանդիսանում է համապարփակ և բազմասեկտորային ռազմավարական փաստաթուղթ՝ թիրախավորելով ոչ միայն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ասպեկտները, այլ նաև՝ շահառու անձանց բուժման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման, և առհասարակ հանրության իրազեկվածության բարձրացման, թմրամիջոցների օգտագործումից զերծ պահելու հարցերը»:





























