Ղազախստանը հանդես է գալիս Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի օբյեկտիվ և թափանցիկ հետաքննության օգտին, РИА Новости-ին հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։
«Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Կողմ ենք օբյեկտիվ, թափանցիկ և արդար հետաքննությանը», - հայտարարել է Աբաևը։
Նա նշել է, որ հետաքննությունն ընթանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) բոլոր չափանիշներին համապատասխան, իսկ Ադրբեջանը, Ռուսաստանը և Բրազիլիան նշանակել են հետաքննությանը մասնակցելու լիազորված ներկայացուցիչներ։
«Ղազախստանի տրանսպորտի նախարարության հրապարակած զեկույցը նախնական բնույթ է կրում և չի ենթադրում որևէ մեկի մեղքի կամ պատասխանատվության հաստատում։ Վերջնական զեկույցը, ըստ գերատեսչության, կարող է հրապարակվել մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Այս ժամանակահատվածը համահունչ է ICAO-ի պահանջներին, ստանդարտներին և առաջարկվող գործելակերպին: Ի դեպ, ICAO-ն բարձր է գնահատել նախնական զեկույցի մակարդակն ու որակը՝ նշելով փաստերի հստակ ներկայացումը, մանրամասնությունն ու տեղեկատվության ամբողջականությունը»,- նշել է դեսպանը։
Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։





























