Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Ուկրաինայի հետ աշխատելու է գործող պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է 2009-ին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հաղորդում է RBK-ն:
«Ուկրաինայի համար «Ամանորյա նվերներ» չեն լինելու: Լրացուցիչ համաձայնագրի ստորագրում հնարավոր է, ամենայն հավանականությամբ, 2012-ին»,-ասել է նա:
Միլլերի խոսքով, հոլդինգը վերջին ժամանակներս ակտիվ, գրեթե ամենօրյա բանակցություններ է վարել «Նեվտոգազ Ուկրաինա» ընկերության հետ, սակայն մի շարք սկզբունքային հարցերում փոխզիջման հասնել չի հաջողվել: «Բաց են մնացել են սկզբունքային հարցեր, որի մասին գիտի ուկրաինական կողմը: Հույս ունենանք, որ փոխշահավետ լուծումներ կգտնվեն»,-ասել է Միլլերը:
Հարցին, թե «Գազպրոմը» հնարավոր համարո՞ւմ է, որ Եվրոպան մասնակցություն ունենա Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի կառավարման կոնսորցիումում, Միլլերը պատասխանել է. «Երբ ստորագրենք պայմանագիրը, այդ ժամանակ կերեւա»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան 2002-ին հուշագիր են ստորագրել Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի վերակառուցման հարցով կոնսորցիում ստեղծելու մասին: 2003-ին նրանց է միացել Գերմանիան, սակայն Ուկրաինայում Վիկտոր Յուշչենկոյի իշխանության գալուց հետո այդ հարցը չի քննարկվել:
Այդ երկրի ներկա նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ կոնսորցիումի ստեղծման գաղափարին` Ռուսաստանի եւ Եվրոպական երկրների մասնակցությամբ:




























