Հայաստանում ընտրությունների պատմությունը, ներկա իշխանությունների տրամադրվածությունը հաշվի առնելով, նրանցից արդար ընտրություններ սպասելն, առնվազն, միամտություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, նշելով, որ արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար իշխանությունը չի կատարել տարրական օրենսդրական փոփոխություններ, որոնք կարող էին մարդկանց մեջ գոնե փոքրիկ հույս արթնացնեին:
«Ամենավատ ընտրական օրենսգիրքը համարվում էր 1990 թվականի Խորհրդային միության ընտրական օրենսգիրքը, սակայն այդ տարիների թե ընդդիմադիրները, թե նրանց ընդդիմախոսները համարեցին, որ ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրությունները կազմակերպվեցին այդ ոչ ժողովրդավարական օրենսգրքով: Խնդիրը քաղաքական կամք ունենալն է, որից ներկա իշխանությունն իսպառ զրկված է»,-նշեց Հարությունյանը:
Այսօրվա դրությամբ, ըստ նրա, Հայ ազգային կոնգրեսը, որի կազմում է նաեւ ՀԺԿ-ն, պատրաստ է արտահերթ ընտրությունների, քանի որ ցանկանում է ինչ-որ բան փոխել երկրում:
Հարցին, թե իր կարծիքով իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը չհանգեցրե՞ց ՀԱԿ-ի ընտրազանգվածի նվազման, ՀԺԿ-ական գործիչը պատասխանեց. «Ոչ, ինչ եք ասում: Ինչի՞ մասին էր երկխոսությունը. առաջ էր քաշվել արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ: Այդ իշխանական լրատվամիջոցներն են այդպես ներկայացնում, թե իբր ՀԱԿ-ի ընտրազանվածը նվազել է, որպեսզի հետո կեղծեն ընտրությունները, հայտարարելով. «Ահա, ՀԱԿ-ը գնաց երկխոսության, չգնաց վճռական քայլերի, չմասնակցեց Ընտրական օրենսգրքի մշակմանը, ուստի նրա ընտրազանվծածը հիասթափություն ապրեց»:
«Դա տեխնոլոգիա է, որն օգտագործվում է ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու եւ իշխանությունների անօրինական գործողությունները լեգիտիմացնելու համար»,-ամփոփեց նա:




























