Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, թե Ֆրանսիական ներդրումները Թուրքիայում ապահով են այնքան ինչքան թուրքականները։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայում կա մոտ 1000 ֆրանսիական ներդրում։ «Այդ ներդրողները վստահել են թուրքական տնտեսությանն ու ներդրում կատարել։ Այդ ներդրումները Թուրքիայում ապահով են այնքան, որքան որ թուրքական ներդրումները»,-նշել է նախարարը՝ զգուշացնելով, որ թուրք ժողովուրդը ցեղասպանության հետ կապված հարցում խիստ զգայուն է եւ պետք չէ այն առհամարել։

Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2010-ին կազմել է 12 մլրդ եվրո։ Այդ թիվը 2011-ին կարող է հասնել 14 մլրդ-ի։

Ֆրանսիական ուղիղ ներդրումները Թուրքիայում կազմում են 10 մլրդ եվրո։

Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ: