Արդեն երկար տարիներ է՝ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 3-րդ շենքի նկուղները չեն չորանում կեղտաջրերից, ավելին՝ ամեն անգամ շենքի դիտահորերը լցվում են և կեղտաջրերի քանակը ավելանում է, ինչից առաջացած վնասակար գազերը և հոտը լցվում են շենքի առաջին հարկերի բնակարաններ և ոչ միայն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Շենքի բնակիչները կայքի հետ զրույցում նշել են. ««Խնդիրը տարիների պատմություն ունի։ Դիմել ենք բոլոր կառույցներին՝ Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, համատիրություն, «Վեոլիա ջուր» սակայն մեկը մյուսի վրա է գցում։ Փաստն այն է, որ բակի դիտահորերը հաճախակի լցվում են և կեղտաջրերը լցվում են նկուղներ։ Հատկապես ամռան ամիսներին ահավոր հոտ է գալիս, առաջին հարկերի բնակարաններում նստել չի լինում, մի թե լուծում չկա այս հարցին։
Պարտաճանաչ ջրի համար գոյացած կոմունալները վճարում ենք, հարկերը մուծում ենք, համատիրության վճարումները կատարում ենք, բայց փոխադարձ պարտականությունները չի կատարվում և մենք ստիպված մեր միջոցներով այդ կեղտաջրերը հեռացնում ենք նկուղներից՝ միջև հաջորդ լցվելը, որը սովորաբար մեկ կամ երկու շաբաթ հետո է լինում»։
Վերջում հուսահատ բնակիչները ևս մեկ անգամ դիմեցին պատասխանատու կառույցներին, որ խոսքից գործի անցնեն, քանի որ դիմացը ամառ է և տաք օրեր։





























