Բոլիվիայի հարավում ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով առնվազն 31 մարդ զոհվել է, եւս 22-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանության հայտարարությանը։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 25 զոհվածի մասին։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Փոխադրամիջոցները մարտի 3-ի առավոտյան բախվել են ավտոճանապարհին։ Հարվածի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտ 800 մ խորությամբ ձորը։ Բեռնատարի վարորդը բերման է ենթարկվել։ Ավտոբուսը Պոտոսի էր ուղեւորվում Օրուրո քաղաքից, որտեղ այս օրերին ընթանում է երկրի ամենահայտնի կառնավալը։

Բոլիվիայում վերջին օրերին սա երկրորդ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարն է։ Մարտի 1-ին Ույունի քաղաքի մոտ երկու ավտոբուսների բախման հետեւանքով զոհվել է 37 մարդ։ Մեքենաներից մեկն ուղեւորվում էր Օրուրո։