Դուք ուզում եք ինձ համոզել, որ երկու մարդ ավել գնաց Հանրապետության հրապարակ, դրա համար իշխանափոխություն եղա՞վ: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման հանրահավաքներին մասնակցել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի ազգականները, գուցե նաեւ որդին:

«Մարդը իր ազգական է և 10 տարի շարունակ տեսնում է, թե ինչ ահռելի հակաքարոզչություն է իրականացվում իր հարազատի նկատմամբ։ Մարդը կարո՞ղ էր էմոցիոնալ պոռթկումով, օրինակ, գնար Հանրապետության հրապարակ, բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ իշխանափոխությունը եղել է, որովհետև Իրինա Քոչարյանը գնացել է Հանրապետության հրապարա՞կ: Իրինա Քոչարյանը գնացել է, մասնակցել է բողոքի ակցիային, դրա համար  իշխանափոխությո՞ւն է եղել, լուրջ եք ասում»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանը ասում է՝ Քոչարյանի շրջապատն ի՞նչ գործ ուներ հրապարակում, գնացել էիք ստուգեիք՝ Սերժի դագաղը կա, թե չէ, Խամոյանն ասաց. «Դագաղները Նիկոլ Փաշինյանն է բերել, իր թիմակիցներն են բերել, այն Նիկոլ Փաշինյանը, որին Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյանը տարիներ շարունակ ֆինանսավորել է և դա գաղտնիք չի։ Իրենք ֆինանսավորել են, հետո էլ նեղանում եք, ասում եք՝ գնացել էին Հանրապետության հրապարակ»:

Ագնեսա Խամոյանի համար անհասկանալի է, թե ինչու կողմերից մեկը որոշեց, որ պայմանավորվածությունները, որ չպետք է իրար խփել, խախտել:

Պատգամավորը վկայակոչեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը, որտեղ հատված կա նաեւ իր ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին. «Այնտեղ շատ պարզ գրված է, որ 2008 թվականից հետո մեկ-երկու փորձ է եղել, ինչ-ինչ հարցերի հետ կապված  խորհրդատվության, խորհրդի մակարդակով օգնելու, օժանդակելու, բայց ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում երկրորդ նախագահը հասկացել է, որ երրորդ նախագահին այդ խորհուրդները պետք չեն, և ինքը դադարել է ակտիվ շփումն իրենց մեջ:

Դրանից հետո մի քանի առիթներով տնտեսական, հայ-թուրքական հարաբերությունների և ամենակարևորը սահմանադրական բարեփոխումների հետ կապված հրապարակային երկրորդ նախագահը հնչեցրել է իր կարծիքը, որպեսզի հասարակությունը նաև տեսնի, որ այս-այս հարցերի հետ կապված իր որոշումը այլ է»,- ընդգծեց Խամոյանը: