Սա ցուցադրական քայլ էր, որպեսզի սրանց բոլոր անօրինականությունները հատիկ-հատիկ հաշվառվեն, հատիկ-հատիկ ցանկագրվեն և վաղը այդ բոլորը մեկ ընդհանուր քրեական թղթածրարի մաս դառնան: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ դատի են տվել ԱԳՆ-ին:

Նա ներկայացրեց խնդրի էությունը՝ նշելով. «Պարբերաբար իշխանությունը ասում էր՝ եկեք ծանոթացեք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկություններին, դիմեցինք մի քանի անգամ ծանոթացանք առաջարկների հետ՝ չբացահայտելով գաղտնիքները, իրավունքը չունեինք բացահայտել ամբողջը, բայց նաև մեր ահազանգը հնչեցրեցինք և այդ ահազանգ հնչեցնելու արդյունքում առաջին իսկ պահից իշխանությունը տապալեց սահմանադրական փոփոխություն օպերացիան:

Նախորդ տարի առաջին անգամ խոսվեց սահմանադրական փոփոխությունների մասին, տպավորություն էր իշխանությունը ցանկանում էր տպավորություն թողնել, որ պետական համակարգում փոփոխություններ են, բայց առաջին իսկ պահից մեր չորս պատգամավորներով համատեղ հայտարարությամբ ահազանգեցինք, որ սահմանադրական փոփոխությունը արվում էր մեկ պատճառով, Ադրբեջանի հետ մշակվող փաստաթղթի հիմա  վրա և ադրբեջանական պահանջ է, որպեսզի սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի մասին հիշատակումը։ Եվ իշխանությունը հանրային քննարկման արդյունքում ստիպված եղավ ընդունել, որ այո, նաև այդ խնդիրը կա։

Մենք ունենք իրավունք ծանոթանալու փաստաթղթին, և նաև ուզում ենք ցույց տալ հանրությանը 2018 թվականի օգոստոսի 17-ի Նիկոլ Փաշինյանի և այսօրվա Նիկոլ Փաշինյանի  այդ ամբողջ խայտառակ տրանսֆորմացիան, երբ 2018-ի, օգոստոսի 17-ին ասում էր՝ ցանկացած լուծում հրապարակում ժողովրդի հետ եմ քննարկելու 3 միլիոն վարչապետներ, իսկ այսօր նույնիսկ, ոչ թե 3 միլիոն վարչապետի, նույնիսկ խորհրդարանի պատգամավորները զրկված են այդ ամբողջ գործընթացին ծանոթանալու հնարավորությունից: Դա միայն ու միայն զիջումների քաղաքականություն է»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը: