«Ի գործ» ծրագրի իրականացումը, որը սփյուռքի մասնագետներին հնարավորություն է տալիս աշխատելու Հայաստանի պետական ​​կառույցներում, հաջող է եղել, քանի որ ծրագրի ավարտից հետո մասնակիցների 70-80%-ը շարունակում է մնալ և աշխատել Հայաստանում։ Դրա մասին մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Նա հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվում է 2020 թվականի սեպտեմբերից, սակայն ի սկզբանե այն հայրենադարձության բաղադրիչ չի ունեցել, մինչդեռ դրա իրականացման առաջընթացը ցույց է տվել, որ այն նպաստում է նաև հայերի վերադարձին իրենց հայրենիք։

Սինանյանը հայտնել է, որ այս տարվա ծրագրի հայտերն ընդունվում են փետրվարի 27-ից ապրիլի 4-ը՝ պարզաբանելով, որ դիմումների մեծ մասը հիմնականում գալիս է Ռուսաստանից։

Ըստ նրա՝ պահանջարկ ունեն տարբեր մասնագետներ, դրանց թվում՝ ռազմագիտության, կրթության, իրավունքի, ՏՏ, գյուղատնտեսության և այլն ոլորտներում։