Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ունենք առաջարկ, որը համոզված եմ՝ ընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար», նաեւ նշել էր, որ Ադրբեջանը տարբերակ չունի չընդունելու: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մասնավորապես դա վերաբերում էր Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին միացնելուն եւ Երասխ-Մեղրի երկաթուղային կապ ստեղծելուն:

«Բայց Նիկոլ Փաշինյանը  Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե  այստեղ ևս մանիպուլյացիայի տեղ չթողներ։ Ակնկալում եմ՝ Փաշինյանը կպարզաբանի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ առաջարկը:։

Եթե Ադրբեջանի արևմտյան համայնքների և  Նախիջևանի կապը պատկերացվում է  Իջևանի հատվածով՝  երկաթգծային, դա մեկ պատմություն է, եթե այդ առաջարկը, որն արդեն ուղարկվել է  Ադրբեջանին, ներառում է  Մեղրիի միջով երկաթգծային կապ, դա շատ մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում։

Այդ պարագայում Ադրբեջանը հնարավորություն ունի, քանի որ երկաթգծի ահռելի հատվածն  անցնում է Ադրբեջանի  տարածքում, շատ փոքր հատված Հայաստանի տարածքով, մաքսատուրքների, վճարների միջոցով ստեղծել անբարենպսատ  միջավայր, որ այդ ուղին անցանելի չլինի տնտեսական տեսանկյունից։

Անհրաժեշտ է Հայաստանի հատվածով անցնողն ու Ադրբեջանի հատվածով անցնողը իրար հետ համահավասար լինեն։

Սա շատ էական է, անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ պարզաբանում ներկայացնի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։