Մենք ակնկալում ենք, որ դատարանը ճանաչի, որ ԱԳՆ-ի նման գործելակերպն իրավաչափ չէ, և հաջորդիվ բոլոր հարցումներին պետք է տրվեն պատասխաններ համաձայն օրենքի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, վարչական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ դատի են տվել ԱԳՆ-ին այն բանի համար, որ ԱԳՆ-ն մերժել է իրենց տրամադրել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները՝ ծանոթանալու համար:

«Պատասխանողի ներկայացուցիչն ասում էր, որ ԱԺ պատգամավորն ունի հարցում կատարելու իրավունք եւ դա ենթակա է պաշտպանության, ուղղակի իրենց անհամաձայնությունը նրա հետ էր, թե ինչ եղանակով պետք է դա իրականացվի: Այստեղ մեր դիրքորոշումները տարբերվում են, մենք կարծում ենք, որ դա վարչական դատարանում հնարավոր է իրականացնել:

Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, որը պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Այս ընթացքում պատգամավորները նորից դիմելու են ինֆորմացիա ստանալու եւ համապատասխան վերաբերմունքի պարագայում նաեւ քրեական գործիքակազմը կփորձենք աշխատացնել»,-ասաց փաստաբանը: