Ռուսաստանը ոչ մի խոսք չի ասում Ադրբեջանին, որը շատ ավելի լուրջ օգնություն է ցուցաբերում Կիևին, ի տարբերություն Հայաստանի, որը երեխաներին պլանշետներ է նվիրում, և դա պատմություն է սարքում։

Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախարարության նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Թորոսյանը վերահաստատել է իշխանությունների դիրքորոշումը, որ «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագծի ընդունումը տեխնիկական պատճառներով ձգձգվում է։

«Անկախ այս օրենքի ընդունումից, մենք առանց դրա էլ եվրաինտեգրման քաղաքականություն կվարեինք։ Օրենքն իր բնույթով դեկլարատիվ է, ինչի մասին վկայում է բուն օրինագծի տեքստը։

Մենք ձգտում ենք կախվածության մեջ լինել ոչ թե մեկ երկրից, այլ փոխկախվածության մեջ լինել տարբեր գործընկերներից»,- նշել է պատգամավորը։