ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս խոսել է իրանական միջուկային ծրագրի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Նման կերպ է նա մեկնաբանել Bloomberg-ի տեղեկությունը միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում միջնորդելու Մոսկվայի համաձայնության մասին, գրում է «Коммерсантъ-ը։ 

«Ընդհանուր առմամբ, Պուտինը բազմիցս խոսել է, որ իրանական միջուկային դոսյեի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, և Ռուսաստանը՝ որպես Իրանի դաշնակից և գործընկեր, պատրաստ է անել հնարավորն այդ գործընթացը հեշտացնելու համար»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։

Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է միջնորդել փետրվարի 12-ին իրենց հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։ Այդ հարցը փետրվարի 18-ին Էր Ռիադում քննարկել են Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի պատվիրակությունները, և Մոսկվան տվել է իր համաձայնությունը, ասված է գործակալության զեկույցում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում քննարկվել է «Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը», սակայն, ըստ նրա, դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը հանդես եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների օգտին (իր առաջին ժամկետի ընթացքում Միացյալ Նահանգները դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից): Նա խոստովանել է, որ դիվանագիտական ​​լուծման այլընտրանքը կարող է լինել ուժի կիրառումը։ Ի պատասխան՝ Թեհրանը հրաժարվեց բանակցել Վաշինգտոնի հետ և խոստացավ, որ «առավելագույն ճնշման» պատասխանը կդառնա Իրանի «առավելագույն դիմադրությունը»։