ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը փորձել է ընդհատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում, որից հետո անվտանգության աշխատակիցները Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հրամանով նրան դուրս են բերել դահլիճից։

«Նոյեմբերի 5-ի նախագահական ընտրությունները մեզ տվեցին այնպիսի մանդատ, ինչպիսին մենք չէինք տեսել շատ տասնամյակներ շարունակ։ Մենք հաղթեցինք բոլոր յոթ սուինգ նահանգներում՝ ստանալով մեզ 312 ընտրական ձայն»,- ասել է Թրամփը։

Իր ելույթի ժամանակ Գրինը ոտքի է կանգնել ու բղավել՝ դու մանդատ չունես։ Դրանից հետո Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչները վեր են կացել իրենց տեղերից և սկսել են վանկարկել ի պաշտպանություն նախագահի՝ «ԱՄՆ, ԱՄՆ, ԱՄՆ»։ Իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հրամայել է անվտանգությանը ուղեկցել Գրինին պալատից:

Ինչպես ավելի ուշ լրագրողներին ասել է կոնգրեսականը, ինքը չգիտի, թե արդյոք իր գործողությունները կհանգեցնեն որևէ հետևանքի։ «Արժե, որ մարդիկ իմանան, որ կան մարդիկ, որոնք պատրաստվում են դեմ կանգնել Թրամփին»,- ասել է նա։