2018թ. հրապարակում կային ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորները։ Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանը։
Նա տեղեկացրել է, որ սքրինշոթերը (լուսանկարները) ինքն ունի։
Նրա խոսքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է վարչապետի պաշտոնում իր առաջադրման պատճառները՝ ասելով, որ բանակցողին փոխելն անթույլատրելի է, քանի որ այդ ժամանակ արդեն մշակվել էր հայանպաստ փաստաթուղթ, որը Նիկոլը (կառավարության ներկա ղեկավարը- խմբ.) ցանկանում է «վիժեցնել»։ Նա համոզված է, որ եթե չլինեին 2018թ. իրադարձությունները, այսօրվա ողբերգական իրադարձությունները չէին լինի։ Նա ավելացրել է, որ այն ժամանակ ՀՀԿ-ն ենթարկվել է քաղաքական տեռորի, եւ ոչ ոք դեմ չի արտահայտվել այդ երեւույթին։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել կառավարության ղեկավարի ցանկացած թեկնածուի։ «Մայիսի 1-ին Փաշինյանն առաջադրվեց, եւ դա արեց ոչ թե ՀՀԿ-ն, այլ դեմ քվեարկեց՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին այլ թեկնածու առաջադրել։ Սակայն յոթ օր անց կրկին ստորագրություններ են հավաքվել Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար։ ՀՀԿ-ն իր ստորագրությունը չդրեց։ Չի կարելի փորձել տպավորություն ստեղծել, թե 2018թ. ՀՀԿ-ն ուզում էր իշխանությունը փոխանցել Նիկոլին, բայց չգիտեր՝ ինչպես դա անել։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 10 տարի վարել է փայլուն ներքին ու արտաքին քաղաքականություն, եւ մեզ պետք չէր այս կերպ իշխանությունից հեռանալ»,- եզրափակել է Աննա Մկրտչյանը։











