Հայաստանում գյուղատնտեսության ապահովագրության նախկինում կրճատված ծրագիրը 2025 թվականին կվերականգնվի: Դրա մասին մարտի 5-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նա հիշեցրել է, որ ծրագիրը վնասաբեր էր: Դրա պատճառով շվեյցարական «Swiss Re», ընկերությունը, որը հանդես էր գալիս որպես վերաապահովագրող, հրաժարվել է համագործակցությունից՝ վճարումները չափազանց բարձր համարելով։ Այսպիսով, ապահովագրության չդադարելու համար պետությունը կդառնա ժամանակավոր վերաապահովագրող։
Նախարարը նշել է, որ նախագծով, որը կառավարությունը մտադիր է հաստատել առաջիկայում, 2025 թվականին ֆերմերների ապահովագրավճարների 70-80%-ը կկատարվի պետական բյուջեի միջոցների հաշվին։ Բացի դրանից, ապահովագրական ընկերությունները փոխհատուցում կստանան, եթե ապահովագրական հատուցումների դիմաց նրանց վճարումները հավաքագրված ապահովագրավճարներից կրկնակի բարձր լինեն։
«2025 թվականին կվերսկսվի նաև խաղողի այգիների ապահովագրությունը, որը 2024 թվականին չեղարկվել էր մեծ վնասաբերության պատճառով»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը։
Ակնկալվում է, որ ծրագրի ծածկույթը կմնա նույնը, ինչ 2023 թվականին։ Ապահովագրության ենթակա են խաղողի, ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի, կեռասի, ձմերուկի, սեխի, կարտոֆիլի, ձմեռային և գարնանացան ցորենի, գարու և վարսակի ցանքատարածությունները։ Պոլիսները ծածկելու են գարնանային ցրտահարությունների, երաշտի, կարկուտի և հրդեհներին առնչվող ռիսկերը:
Նախարարը, սակայն, նշել է, որ ապահովագրությանը պետական աջակցությունը ժամանակավոր միջոց է։ 2026 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է նոր վերաապահովագրող ներգրավել:
«Բանակցություններն արդեն ընթանում են։ Ընդ որում, միանգամից մի քանի ընկերությունների հետ»,- հայտարարել է Պապոյանը։




























