ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ինտերնետային խարդախությունները հասել են անընդունելի չափերի, հայտնել է ТАСС-ը։

Երկրի ղեկավարը կոչ է արել արագ գործել: Նման կարծիք է նա հայտնել կառավարության անդամների հետ հանդիպմանը։

«Իրավիճակը, որը մենք քննարկում ենք, չափազանց սուր է։ Հեռախոսային և ինտերնետային խաբեբաներից քաղաքացիներին, հետևաբար և պետությանը հասցված վնասը ուղղակի անընդունելի, շատ մեծ չափերի է հասել,- հայտարարել է Պուտինը։ -Ուստի մենք պետք է արագ գործենք»,- կոչ է արել նա։

Ըստ ՌԴ նախագահի՝ կառավարության անդամների և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տվել, որ գործողությունների ալգորիթմն արդեն պարզ է։

«Եկեք այս ամենն անենք արագ՝ առանց, այսպես կոչված, սառեցման շրջանի, որի մասին խոսեց Կենտրոնական բանկի նախագահ (Էլվիրա Նաբիուլինան): Այսինքն՝ ոչ մի բանի սպասելու կարիք չկա։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ պարզ է, մենք պարզապես պետք է գործենք»,- նշել է Պուտինը՝ խնդրելով հնարավորավորինս շուտ սկսել այդ հարցի շուրջ աշխատանքը Պետդումայի պատգամավորների հետ։

«Մենք պարզապես պետք է շեշտադրումներ անենք, վերջակետ դնենք և ավարտենք այս աշխատանքը, և երբ ընդունված որոշումներն իրականացվեն, մենք կվերլուծենք իրավապահ պրակտիկան և ճշգրտումներ կանենք»,- եզրափակել է ՌԴ նախագահը: