Գիորգի Բաչիաշվիլին որպես խափանման միջոց դատապարտվել է ազատազրկման՝ Հայաստանի հետ սահմանն ապօրինի հատելու համար, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Որոշումը հրապարակել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը։

Նախօրեին Գիորգի Բաչիաշվիլին սոցցանցերում հայտարարել է Վրաստանից հեռանալու մասին։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ մարտի 2-ին Բաչիաշվիլին ավտոմեքենայի մեջ գտնվող հատուկ թաքստոցի միջոցով գաղտնի հատել է Վրաստանի պետական ​​սահմանը՝ շրջանցելով սահմանային անցակետը, դեպի Հայաստան։

Դրանից հետո Հայաստանի սահմանային անցակետում նա ներկայացրել է իր անունով տրված ՌԴ քաղաքացիությունը հաստատող մեկ այլ անձնագիր և արդյունքում հատել սահմանը։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Գիորգի Բաչիաշվիլին Վրաստանում մեղադրվում է երկու գործով։ Դրանցից մեկն առնչվում է բիթքոյնների գողությանը, իսկ մյուսը՝ Մտկվարի ՀԷԿ-ի գործին։ Երկու դեպքում էլ նա խափանման միջոց է ընտրվել գրավի դիմաց ազատ արձակվելը։

Իր հերթին, «Новости-Грузия»-ն հայտնում է, որ Բաչիաշվիլին նախկինում զբաղեցրել է միլիարդատեր և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրամի կառավարչի պաշտոնը։