Նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 5-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում մարդատար գնացքի եւ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ողբերգական վթարից:
Բուրաստան համայնքից NEWS.am-ին հայտնեցին, որ մահացածներն ամուսիններ են, ամուսինը 44 տարեկան է, կինը՝ 45 տարեկան:
Իսկ վիրավորները նրանց դպրոցահասակ երեխաներն են՝ 11-13 տարեկան, որոնք գտնվում են հիվանդանոցում, ծայրահեղ ծանր վիճակում:
Աստվածամայր ԲԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ երեխաներից երկուսին վիճակն էլ ծայրահեղ ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են, ունեն կոտրվածքներ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ին, Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան։
Փրկարարները երկու արգելափակված տուժածի դուրս են բերել ավտոմեքենայից։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են 2-ի մահը, իսկ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։





























