Անկեղծ ասած, երբ իմ աշխատակազմը ինձ տեղեկացրեց մամուլում տարածված այդ տեղեկատվության մասին, շատ տարակուսած էի, որովհետև ընդհանրապես նման իրավիճակ չի եղել և նույնիսկ նման քննարկում չի եղել Ազատության հրապարակում, երբ այցելել ենք այնտեղ Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանն իրեն չի ընդունել:

«Ես զարմացած եմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը, որովհետև ի սկզբանե գաղափարը եղել է այն, որ պարզապես ինչպես ցանկացած հաստատություն գնալիս, աշխատակազմը հետաքրքրվում է, թե արդյոք այդ պահին հնարավոր է, օրինակ, զրուցել անձանց հետ: Մեզ տեղեկացրել է գործընկերը, որ այս պահին տիկին Թանդիլյանը քնած է, իսկ մյուս գործընկերը, որը որպես բժիշկ ներկայացավ, նշել է, որ բացի նրանից, որ քնած է, նաև թույլ է զգում հաղորդակցության համար:

Դրա համար մենք նույնիսկ փորձ չենք արել որևէ կերպ հաղորդակցություն ունենալու, պարզապես հենց տեղում հետաքրքրվել ենք իրավիճակից, քանի որ նման դեպքերը մեր իրավասությանը վերաբերելի չեն: Իրավասությանը վերաբերելի կարող են լինել այնքանով, որքանով կարող է պետական մարմնի հետ կապված խնդիր լինել: Ես առաջին հերթին թե՛ առողջական վիճակով, թե՛ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով եմ հետաքրքրվել և դրա հիմանը փորձել ենք հասկանալ, թե մեր մասով ինչ աջակցություն կարող ենք ունենալ տվյալ իրավիճակին»,-ասաց Անահիտ Մանասյանը:

Նա հավելեց, որ իր համար տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նման մարդասիրական միջոցառման հետ կապված է այդպիսի տեղեկատվություն տարածվում, որովհետև դա նաև մարդասիրական միջոցառման էությունն է փոխում. «Փոխում է ներքաղաքական միջոցառման, որի իմաստը դա չէ միանշանակ»: