Ռումինիայում վեց մարդ է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգնությամբ իշխանությունը տապալելու փորձի մեղադրանքով, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Նրանցից հինգը 2023 թվականին «կազմակերպված հանցավոր խմբավորում են ստեղծել՝ նպատակ ունենալով խաթարել Ռումինիայի պետության ինքնիշխանությունն ու անկախությունը՝ քաղաքական միջոցներով խախտելով երկրի պաշտպանունակությունը», -հայտարարել է ռումինաական դատախազությունը։
Բացի դրանից, հանցավոր խմբի անդամները «բազմիցս կապ են ունեցել օտարերկրյա ուժերի գործակալների հետ, որոնք տեղակայված են ինչպես Ռումինիայում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում», - ասված է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի DIICOT վարչության տարածած հայտարարության մեջ:
Ըստ այս տեղեկությունների՝ խումբն ունեցել է ռազմական կառույց, որի անդամներից մեկը եղել է պաշտոնաթող գեներալ-մայոր։ Նրա նպատակն էր իշխանության բերել նոր կառավարություն, ոչնչացնել գործող սահմանադրական կարգը, ներմուծել նոր պետական դրոշ և օրհներգ, փոխել երկրի անվանումը, հայտարարել է դատախազությունը։ Խումբը նաև քայլեր է ձեռնարկել արտաքին ուժերի հետ բանակցություններ վարելու ՆԱՏՕ-ից Ռումինիայի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, ասված է հայտարարության մեջ։
«Հունվարին մեղադրյալներից երկուսը մեկնել են Մոսկվա, որտեղ կապ են հաստատել այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են աջակցել Ռումինիայում պետական իշխանությունը զավթելու ջանքերին», - հայտարարել է դատախազությունը։ Կասկածյալները, որոնց անունները չեն նշվում, ձերբակալվել են մարտի 5-ին, այն նույն օրը, երբ Բուխարեստը երկու ռուս դիվանագետների «անցանկալի անձ» է հայտարարել։
Նախօրեին Ռումինիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի ռազմական կցորդին և նրա օգնականին «անցանկալի անձ» էր հայտարարել «գործունեության համար, որը չի համապատասխանում 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին։ Ռուսաստանի դեսպանատունն այս քայլն անվանել է «անհիմն և ոչ բարեկամական»։ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել։





























