Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում մարտի 6-ին պաշտոնապես բացվեց «Վեոլիա Ջուր» ընկերության կառուցած «Նոր Հաճն» փոքր հիդրոէլեկտրակայանը (ՓՀԷԿ): Բացառապես ընկերության կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրող կայանը կառուցվել է «Արզական-Գյումուշ» ջրատարի վրա՝ 376.6 մլն դրամ ներդրմամբ:

Եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած ՓՀԷԿ-ն ունի 220 կՎտժ հզորություն և տարեկան կարտադրի 1,925 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:

ՓՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կօգտագործվի «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից շահագործվող էներգատար համակարգերի կարիքների բավարարման համար: Իսկ հետագայում էլեկտրակայանը սեփականության իրավունքով կհանձնվի ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Ջրային Կոմիտեի:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը «Վեոլիա Գրուպի» մաս է կազմում, 2020 թվականին հայտարարել էր Հայաստանում իր գործունեության ընդլայնման և էներգետիկայի բնագավառում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին: Այդ ծրագրերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից: Կայանի կառուցման լիցենզիան ընկերությունը ստացել է 2023 թվականին։

«Նոր կառուցված այս էլեկտրակայանը էժան էլեկտրաէներգիայի աղբյուր է հանդիսանում «Վեոլիա Ջուր» ընկերության համար, որն էլ բնականաբար դրական կազդի խմելու ջրի սակագնի վրա»,- նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Նոր Հաճն ՓՀԷԿ-ի գործարկումը ոչ միայն կարևոր նվաճում է մեր ընկերության համար, այլև Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման ուղղությամբ կարևոր քայլ: Հենց այդ նպատակով էլ 2023 և 2024 թվականներին ընկերությունն այս բնագավառում նշանակալի ներդրումներ է իրականացրել՝ իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի և դրանց սանիտարական գոտիներում կառուցելով և շահագործելով 7 արևային էլեկտրակայան, որոնք 2024 թվականին արտադրել են 1,570,548 կՎտժ էլեկտրաէներգիա: Այս նախագծերի իրականացման համար ընդհանուր առմամբ ներդրվել է 395,303,501 մլն դրամ: Մեր կողմից կառուցված այս էլեկտրակայանները, կնպաստեն էներգետիկ անկախության ապահովմանը և կօգնեն հնարավորինս զսպել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի էներգետիկ ծախսերը»,- նշեց «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը՝ հավելելով, որ այս պահին ընկերությունն արդեն մշակում է հաջորդ փոքր հիդրոէլեկտրակայանի նախագիծը, որի կառուցման աշխատանքները նախատեսվում է ընթացիկ տարում: