Ալմաթիի միջազգային օդանավակայանում անհայտ տղամարդը պատանդ է վերցրել մի կնոջ, հայտնում է Almaty.tv-ն։
Միջադեպը տեղի է ունեցել ներքին թռիչքների տերմինալում։ Օդանավակայանի աշխատակիցների խոսքով՝ տղամարդը մոտեցել է նախաթռիչքային զննման տարածքին՝ ներկայանալով որպես ուղեւոր։
Անվտանգության աշխատակիցները նրան խնդրել են ցույց տալ իր փաստաթղթերը, իսկ ի պատասխան նա բռնել է անվտանգության աշխատակիցներից մեկի մազերից ու դանակով սպառնացել։
Նշվում է, որ ներկա տղամարդկանցից մեկը խնդրել է պատանդին փոխանակել իր հետ։
Խոսակցություններով պատանդառուի ուշադրությունը շեղելով՝ նա կարողացել է հանդարտեցնել հարձակվողի զգոնությունն ու ձեռքից խլել դանակը։ Այնուհետև ոստիկանները վազել են և բռնել հարձակվող տղամարդուն։ Ըստ ականատեսների՝ երկրորդ պատանդը կարող էր հատուկ ծառայությունների աշխատակից լինել, ուստի ամեն ինչ հնարավոր է եղել բարեհաջող ավարտին հասցնել։





























