Աշխարհը փոխվել է, այն արդեն բազմաբևեռ է և առնվազն նշմարվում են երեք գլոբալ ուժային կենտրոններ՝ Վաշինգտոնը, Մոսկվան և Պեկինը։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իհարկե, լուրջ դերակատարում ունեն նաև Լոնդոնը, Բրյուսելը, Դելին, դժբախտաբար Անկարան:
Ուկրաինական պատերազմը, հակամարտությունը դեռևս չի ավարտվել, և կա այն ավարտվելու առնվազն երկու սցենար։ Սցենար համար մեկ. Զելենսկին իր եվրոպական հովանավորների հետ միասին ընդունում է ամերիկյան նոր վարչակարգի Թրամփի և Վենսի ուլտիմատում առաջարկությունները, որի արդյունքում Ուկրաինա ինքնիշխան պետությունից քիչ բան է մնում, երկրորդը նրանք չեն գալիս համաձայնության և Լոնդոն, Փարիզ այդ միավորված նոր միավորման արդյունքում Կիևը փորձում է նոր ռազմական օժանդակություն ստանալ և մինչև վերջին ուկրաինացին պայքարել հանուն եվրոպական Արևմուտքի շահերի»,-ասաց Շարմանազնովը:
Նա ընդգծեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ եվրոպական մայրաքաղաքներում ոչ այնքան Ուկրաինայի ճակատագրով են անհանգստացած, այլ անհանգստացած են, որ այդ Ուկրաինայի հնարավոր ազդեցության գոտիների բաժանումից իրենց ոչ մի բան չի հասնի:
«Եվ չեմ բացառում, որ Սթարմեր-Մակրոն զույգը Զելենսկու հետ փորձում է հանդիպել ամերիկյան վարչակարգին, որպեսզի նաև ցույց տա, որ դե լավ, դուք 350 միլիարդ եք ծախսել, մենք էլ 100 միլիարդից մի քիչ ավել ենք ծախսել, գոնե մի բան էլ մեզ հասնի:
Սա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում ապրող այն արևմտամոլների կարծիքը, որ ահա-ահա Եվրոպան գալու է և մեզ փրկելու է ադրբեջանա-թուրքական սպառնալիքից, դրանք դատարկ խոսքեր էին և քաղաքական տգիտության շարքին էին դասվում: Որովհետև հավաքական Արևմուտքը Ուկրաինային օգտագործեց հակառուսական ճակատ ստեղծելու համար, Ուկրաինայից ստացավ հակառուսաստան, բայց թե դրանից ինչ օգուտ ստացավ Ուկրաինան, մենք չենք տեսնում: Երբեմնի Եվրոպայի ամենամեծ երկիրը շուրջ 40-50%-ով բնակչությունը պակասել է, մի հատված զոհվել է ռազմաճակատում, շատ մի մեծ հատված էլ արտագաղթել է երկրից:
Բոլոր նրանք, որոնք հույս են կապում գլոբալացված Արևմուտքի օգնության հետ, կարող եմ ասել՝ թող տեսնեն Ուկրաինայի և Զելենսկու այս խայտառակ վիճակը, Արևմուտքի ցինիկ պահվածքը և տեսնեն Հայաստանի իրավիճակը»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը:





























