Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR), բրիտանական BP Plc-ի և իսրայելական NewMed Energy-ի հետ կոնսորցիումով, նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարության (MEI) հետ համաձայնեցնել Միջերկրական ծովում Իսրայելի բացառիկ տնտեսական գոտում (EEZ) բնական գազի հետախուզման պլանը:
Այս մասին հայտնում է իսրայելական Globes հրատարակությունը։ Դրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կողմերը կստորագրեն I-6 գոտում գազի հետախուզման աշխատանքային պլան։
Նշվում է, որ այս նախագիծը SOCAR-ի համար առաջինը կլինի Ադրբեջանի սահմաններից դուրս հետախուզական հորատման ոլորտում, հաղորդում է Интерфакс-ը: Նախագիծը նախատեսվում էր իրականացնել ավելի վաղ, սակայն այն հետաձգվել էր Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հակամարտության կտրուկ սրման պատճառով։
Մինչև 2026 թվականի հոկտեմբեր կոնսորցիումը պետք է ներկայացնի ծրագիր, որը ներառում է հորատումներ արտոնագրված տարածքներից առնվազն մեկում, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքային ծրագիր, որը պետք է հաստատի նավթի հանձնակատարը:
2023 թվականի հոկտեմբերին, մրցույթի արդյունքում, SOCAR-ից, NewMed-ից և BP-ից կազմված կոնսորցիումը ստացել է իսրայելական MEI-ի կողմից այս աշխատանքները I-6 գոտում իրականացնելու արտոնագիր:
Մրցութային կանոնների համաձայն՝ հետախուզական գործունեության լիցենզիաները տրվում են սկզբնական երեք տարի ժամկետով։ Այս ժամանակահատվածում լիցենզիա ունեցողները պետք է կատարեն աշխատանքային պարտադիր ծրագիր՝ գնահատելու հատկացված տարածքում բնական գազի հայտնաբերման հնարավորությունը:
Նշված ժամկետից հետո լիցենզիա ունեցողները կարող են պահանջել ևս 2 տարով երկարաձգում` համաձայն Նավթի Հանձնակատարի կողմից հաստատված թարմացված աշխատանքային ծրագրի և լիցենզիաներից առնվազն մեկի համաձայն հորատման պարտավորության:
Հորատման առնվազն մեկ աշխատանքներն ավարտվելուց և աշխատանքային ծրագրի բոլոր տարրերն ավարտվելուց հետո խմբում լիցենզիաները կարող են երկարաձգվել ևս 2 տարով՝ առավելագույնը 7 տարով։ Նման երկարաձգումը հնարավոր կլինի պայմանով, որ մինչև լիցենզիայի ժամկետի ավարտը յուրաքանչյուր լիցենզիայի տարածքում հորատման պարտավորություն ներկայացվի, որտեղ հորատումը դեռ չի իրականացվել:
Բացի այս նախագծից, Ադրբեջանի Պետնավթընկերությունը 2025 թվականի հունվարի 31-ին հայտարարեց, որ գործարք է կնքել Union Energy-ի հետ՝ Միջերկրական ծովի ամենամեծ ծովային գազի հանքավայրերից մեկի՝ Թամար նախագծի բաժնետոմսերի 10%-ը ձեռք բերելու մասին:
Իսրայելի ափերի մոտ գտնվող Թամար հանքավայրը բնական գազի հիմնական մատակարարն է տարածաշրջանին, որը կարևոր դեր է խաղում էներգետիկ անվտանգության և տնտեսական աճի մեջ, ասել է ընկերությունը:
Ընկերությունը կշարունակի ռազմավարական ակտիվներ փնտրել ամբողջ աշխարհում՝ ընդլայնելու իր էներգետիկ պորտֆելը: Թամար նախագծի օպերատորն ամերիկյան Chevron-ն է։





























