Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկը շարունակում է մնալ ամենավտանգավոր հատվածներից մեկը Հանրապետությունում. այսօր՝ մարտի 7-ին, նշված խաչմերուկում ճանապարհը չզիջելու պատճառով վարորդներն իրար ամենավերջին հայհոյանքներն են տվել, հարվածել միմյանց:

Հիշեցնենք, որ մարտի 2-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Մելանյա Մ.-ն իր վարած «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված ժամանակավոր բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել էր մնալ հիվանդանոցում։

Հրշեջ-փրկարարները մարել էին ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի։