Թբիլիսիի քաղաքային դատարանը նախնական կալանքի է ենթարկել Շոթա Կարումիձեին, որն օգնել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նախկին ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլիին, հայտնում է Новости-Грузия-ն։
Քննիչները պնդում են, որ հետաքննության մեջ գտնվող Բաչիաշվիլին 30 հազար դոլար է վճարել Կարումիձեին, որպեսզի իրեն օգնի մեքենայի թաքստոցում տեղափոխեն Վրաստանի սահմանի Սադախլո անցակետով։
Ինքը՝ Կարումիձեն, ընդունում է մեղքը և համագործակցում հետաքննության հետ։
Պաշտպանական կողմը խնդրել է ամբաստանյալին ազատ արձակել մինչև նախաքննության ավարտը՝ 80 հազար լարի գրավի դիմաց։ Տղամարդը բացատրել է, որ ինքը ընտանիքի միակ կերակրողն է, և որ իր խնամքի տակ է տարեց մայրը։
Դատախազությունը պահանջել է Կարումիձեին թողնել կալանքի տակ՝ պատճառաբանելով թաքցնելու, նոր հանցագործությունների կատարման և ապացույցների ոչնչացման ռիսկերը։ Միաժամանակ դատարանը հաշվի է առել, որ տղամարդը նախկինում արդեն դատապարտված է եղել։
Կարումիձեն ձերբակալվել էր մարտի 5-ին, երբ փորձել էր մեկնել Թուրքիա։ Նա մեղադրվում է սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու մեջ։ Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում։
Հետաքննության տվյալներով՝ մարտի 2-ին Կարումիձեն Բաչիաշվիլիին Հայաստան է տարել։ Վերջինս արդեն իսկ հայտարարվել է միջազգային հետախուզման մեջ։ Վրաստանում նա ներգրավված է նաև երկու այլ քրեական գործերով։
Բաչիաշվիլին նախկինում գլխավորել է Իվանիշվիլիի կողմից վերահսկվող Համաներդրումների հիմնադրամը։ Նրա նախկին ղեկավարը մեղադրում է նրան մոտ 8300 բիթքոյն գողանալու մեջ, որոնք նրանք երկուսն էլ ներդրել են մայնինգում։ Վերջերս Բաչիաշվիլիին մեղադրել են նաև Մտկվարի ՀԷԿ-ի կառուցման նախագծում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ։





























