Փարաքարի ընտրություններում մրցակցությունը լինելու է շատ թեժ, շատ բուռն, բայց օրինականության սահմաններում և ես որպես մարզպետ իմ պատասխանատվության և իմ իրավասության տակ գտնվող լծակների շրջանակներում ամեն ինչ անելու եմ, որպեսզի քարողարշավը անցնի հանդարտ և օրինականության սահմաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը:

«Բայց իհարկե ոչինչ չենք կարող բացառել, որովհետև անձերի արարքից, վարքագծից կախված պրոցեսներ կան, որ ոչ մեկ ոչինչ չի կարող երաշխավորել, բայց այս պահի դրությամբ մենք որևէ այդպիսի նախադրյալ չենք տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման հետ կապված խոսակցություններին, մարզպետն ասաց. «Այն անձանց, որոնք փորձում են նման ֆոն ստեղծել կամ նման խոսակցություններ գեներացնել, ես խորհուրդ եմ տալիս դիմել իրավապահ մարմիններին։ Ես ինքս հետևողական կլինեմ, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն: Չի կարող նման բան լինել պարզապես, առավել ևս մարզպետը որոշակի լծակներ օգտագործի կրթական կառույցներում քաղաքական պրոցեսներ գեներացնելու համար։ Եթե նման երևույթներ կլինեն, ես խորհուրդ կտամ ընդամենը ահազանգել պատկան մարմիններ»:

Նա հավելեց, որ իրենք ընտրողներին հորդորելու են ընտրել ՔՊ-ին, տան 50+ տոկոս քվե, որպեսզի լիարժեք իշխանություն ձևավորվի և հետագայում կառավարման որևէ կոլապս չառաջանա, անհատների ամբիցիաներից կախված համայնքի կառավարման խնդիր չառաջանա»:

Մարզպետը հայտարարեց, որ Արմավիրի մարզը հանրապետությունում եթե առաջին տեղում չէ, ապա հաստատ երկրորդն է կապիտալ շինարարության աշխատանքների ծավալի, սուբվենցիոն ծրագրերի առումներով:

Նշենք, որ Փարաքարում այս անգամ ևս համայնքապետի թեկնածուներ են առաջադրվել այն նույն անձինք, որոնք առաջադրվել էին համայնքի նախորդ ընտրություններում: Մասնավորապես՝ ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, այժմ համայնքապետի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը հաղթել է փրայմերիզում:

Նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն առաջադրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունով:  Առաջադրվել է նաև համայնքապետի նախկին տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

Իսկ Վոլոդյա Գրիգորյանն առաջադրվել է «Ապրելու երկիր» և և «Հաղթանակ» կուսակցությունների համատեղ դաշինքի կողմից: