Փարաքարի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գուլնազարյանը մտահոգություն չունի, որ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ իրավիճակը կարող է լարվել:
NEWS.am-ի հետ զրույցում նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած միջադեպի եւ կրակոցների հետ ինքը ընդհանրապես կապ չի ունեցել եւ իր թիմով ամեն ինչ անում է, որ լինեն խաղաղ ընտրություններ:
«Ուղղակի պետք է, որ ժողովրդի ձայնը լսելի լինի, բոլորս էլ պիտի համակերպվենք, որ մեր երկրի տերը մեր ժողովուրդն է, իշխանություն որոշողը ժողովուրդն է: Եթե բոլորս այսպես մտածենք, կարծում եմ՝ չի լինելու ոչ մի խոչընդոտ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե թեկնածուներից մեկն ասել է, որ Փարաքարում պետք է այնպիսի մարդ լինի, որպեսզի վենդետաները վերջ դրվեն Փարաքարում, արդյոք չի կարծում, թե իր մասնակցությունը չի թարմացնի վենդետան, Գյուլնազարյանն ասաց, որ ինքը ոչ մի վենդետայի մեջ չի եղել:
«Ես ընդամենը կառավարման մեխանիզմի մեջ եղել եմ 4 ամիս, որպես համայնքի ղեկավար, 4 ամիս հետո բոլորիս հայտնի էդ դեպքը, որում պատահաբար հայտնվել էի էդ տարածքում, որտեղ որ պետք է չհայտնվեի, ու ինձ հետ կապված ոչ վենդետա, ոչ նախկին ինչ-որ գժտվածություն, ոչ թշնամություն, ոչինչ չկա ու հաստատում եմ չի էլ կարող լինել: Իմ առաքելությունը մինչեւ համայնքի ղեկավար լինելը, դրանից առաջ տեղակալ լինելը, եղել է ծառայել, համազգեստով իմ հայրենիքին, իմ համայնքին: 16 տարիներ ծառայած մարդը, ով սահմանի արժեքը գիտի, գիտի իր համայնքի բնակչին հարգելը, նրա հետ կոմպրոմիսի գալը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե 16 տարի լինելով զինվորական, ինչպես է գնահատում այն, որ ՔՊ-ի ղեկավարման ընթացքում տեղի ունեցավ Արցախի հանձնումը, Գյուլնազարանը ասաց. «Ոչ թե ՔՊ-ի ղեկավարման արդյունքում է հանձնվել Արցախը, կամ Արցախը ոչ թե հանձնվել է, այլ մեր բնակիչները ստիպված տարհանվել են, եկել են Հայաստան, դա եղել է պատերազմի արդյունքում, որի դեպքում իշխանությունը կապ չունի: Եղել է պատերազմ, որտեղ Ադրբեջանը ավելի ագրեսիվ գտնվեց, որի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք»:
Լյուդվիգ Գյուլնազարյանը հավելեց, որ վստահ է Փարաքարում ՔՊ-ի հաղթանակին:
Մանրամասները՝ տեսանյութում:











