ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ բռնել է «Կրոկուսի» ահաբեկչության ենթադրվող կազմակերպիչներից մեկին՝ Մոհամադ Շարիֆուլային։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Մոհամադ Շարիֆուլան ենթադրյալ մասնակիցներից է, որը մտնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «Վիլայաթ Խորասան» ճյուղի մեջ։ Նա մեղադրվում է մի շարք ահաբեկչություններ պատրաստելու մեջ, այդ թվում նրան համարում են մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի հոլի» վրա հարձակման կազմակերպիչներից մեկը։
Տեղեկացվել է, որ նա խոստովանել է, որ հրահանգներ է տվել գրոհայիններին, որոնք հարձակում են գործել «Կրոկուս Սիթի հոլի» դեմ։ Մասնավորապես, նա նշել է, որ հարձակման մասնակիցներին ցույց է տվել, թե ինչպես օգտագործել Կալաշնիկովի ինքնաձիգը։ Շարիֆուլան նաեւ ասել է, որ ճանաչել է երկու ձերբակալված գրոհայիններին, տեղեկացրել է BBC-ն։
ԱՄՆ իշխանությունները Շարիֆուլային համարում են պատասխանատու 13 ամերիկացի զինծառայողի մահվան համար, որոնք դարձել են մահապարտի գրոհի զոհերը 2021թ. օգոստոսին։
Ավելի վաղ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ հարձակումը «Կրոկուս Սիթի հոլ» համերգասրահում կազմակերպել են «Վիլայաթ Խորասան» ջիհադական խմբավորման գրոհայինները։ Ահաբեկչության հետեւանքով համերգասրահի շենքում, որտեղ մարտի 22-ին պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, զոհվել է 145 մարդ։





























