Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ժամանել է Հայաստան: Ինչպես տեղեկացնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը, Երեւանում կայացել է Հայաստանի եւ Իրանի նախագահների բանակցությունների առաջին փուլը:
Բանակցությունների ընթացքում նախագահներ Մահմուդ Ահմադինեժադը եւ Սերժ Սարգսյանը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հարցեր` կապված իրանական նավթամթերքների Հայաստան մատակարարելու, ավտոճանապարհների եւ երկաթգծերի շինարարության հետ:
Նշվել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը, որը 2010թ. 270 մլն դոլար էր կազմել, 2011թ. աճել է 300 մլն դոլարի: Կողմերն ընդգծել են, որ Իրանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնք սահմանային տարաձայնություններ չունեն, փոխարենը մշակութային եւ պատմական բազմադարյա կապեր ունեն:
Բանակցությունների ընթացքում նաեւ ընդգծվել էր երկու երկրները կապող ավտոմայրուղու կառուցման նշանակությունը` առեւտրային կապերի ընդլայնման համար:
Հայաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ համատեղ հեռուստասերիալներ նկարահանելու նախնական պայմանավորվածությունը:
Այցի ընթացքում ակնկալվում է մի քանի համաձայնագրերի ստորագրում, մասնավորապես` Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարություն սկսելու մասին, որը ձգվելու է երկու պետությունների սահմանի երկայնքով:




























