Քամու պոռթկումները և հորդառատ անձրևը հանգեցրել են քառորդ միլիոնից ավելի տների հոսանքազրկմանը և հեղեղել Ավստրալիայի արևելյան ափի որոշ շրջաններ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Վատ եղանակի հետևանքով զոհվել է մեկ վարորդ, մեկ տասնյակից ավելի զինծառայող վիրավորվել է։
Մի քանի օր արևադարձային ցիկլոնի տեսքով ափամերձ տարածքում փոթորկելուց և առափնյա գծի 400 կիլոմետրանոց հատվածին հարվածելուց հետո «Ալֆրեդ» ցիկլոնը վերածվել է արևադարձային դեպրեսիայի՝ նախքան շաբաթ երեկոյան ցամաք դուրս գալը:
Բայց քանի որ ցիկլոնի մնացորդները տեղաշարժվել են երկրի խորքերը, հարյուր հազարավոր մարդիկ կիրակի օրը մնացին առանց էլեկտրականության: Առավել տուժել են Քվինսլենդի հարավարևելյան և Նոր Հարավային Ուելսի հյուսիսարևելյան շրջանները:
Քվինսլենդի Հերվի Բեյ հանգստավայրում ընդամենը մի քանի ժամում 23 սանտիմետր տեղումներ են թափվել՝ հեղեղելով տները և ստիպելով շտապ փրկարարական աշխատանքներ իրականացնել փոթորկոտ ջրերում, մամուլի ասուլիսում ասել է նահանգի վարչապետ Դևիդ Քրիզաֆուլին։
Ըստ նրա, եղանակային համակարգը «շարունակում է թափ հավաքել»՝ երկրի խորքը շարժվելով։
Նա ավելացրել է, որ 1․000-ից ավելի դպրոցներ, որոնք փակված են ամբողջ նահանգում, աստիճանաբար կվերաբացվեն երկուշաբթի օրը: Կոմունալ ընկերությունները հայտնել են, որ մոտ 268․000 տուն և ձեռնարկություն Քվինսլենդի հարավարևելքում և ևս 12․500-ը Նոր Հարավային Ուելսի հյուսիսարևելքում կիրակի ցերեկը դեռ հոսանքազրկված են եղել։





























