Այսօր` դեկտեմբերի 23-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով արդեն հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ առանձնազրույց ունեցել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու նախագահների առանձնազրույցին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Այնուհետեւ տեղի է ունեցել մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Ստուեր ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը Իրանի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:
«Ցանկանում եմ մեկ անգամ եւս սիրով ողջունել Ձեզ եւ Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Համոզված եմ, որ այս այցելությունն է՛լ ավելի կխթանի մեր բարեկամական հարաբերությունները: Հայ-իրանական երկկողմ բարեկամության նոր շրջանն սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրերից: Հետեւաբար, այս տարի լրանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը, այլ նորագույն ժամանակաշրջանի մեր բարեկամության 20-ամյակը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարեւոր նախագծեր եւ նախանշել ենք նոր ծրագրեր:
Շատ ուրախ եմ, որ պարոն նախագահի հետ մեր առանձնազրույցի ընթացքում մենք եկանք շատ կարեւոր եզրակացությունների: Դա շատ կօգնի մեր հարաբերություններն է՛լ ավելի խորացնել: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունների հիմքը հայ-իրանական անկեղծ բարեկամությունն է, եւ հենց այս այցն էլ այդ բարեկամության վրա հիմնված մեր հարաբերությունների զարգացման նպատակ է հետապնդում: Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել այն փաստը, որ մեր քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք, եւ չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են:
Մենք պարոն նախագահի հետ խոսում էինք այն մասին, թե որքան լավ է, որ մեր առեւտրաշրջանառությունն աճում է եւ մեր հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, բայց ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն: Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարեւան, կողք-կողքի ապրող ժողովուրդների եւ պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարեւոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք եւ եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել եւ, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել: Ես վստահ եմ, որ ինչ-որ ժամանակաշրջան հետո, մենք կարողանալու ենք խոսել, որ այս ոլորտում արդեն ունենք ձեռքբերումներ, կարող ենք նշել, որ առեւտրի ոլորտում այսօր առկա բավականին խոչընդոտներ վերացված են: Մենք պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաեւ այլ խնդիրներ: Կարեւորն այն է, որ, իրոք, մթնոլորտը կառուցողական է, եւ իրար լավ ենք հասկանում:
Պարո՛ն նախագահ, մեկ անգամ եւս բարով եք եկել Հայաստան՝ Ձեր գլխավորած պատվիրակության հետ միասին: Մենք մշտապես ուրախ ենք մեր բարեկամների հետ հանդիպելու՝ լինի Երեւանում, թե Թեհրանում»:




























