ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն մեղադրել է «հորինելու» մեջ և կիրակի ենթադրություն հայտնել, որ նա անշնորհակալ է։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիկորսկին ասել է, որ Ուկրաինային, հնարավոր է, պետք լինի այլընտրանք գտնել Starlink արբանյակային ծառայությանը, հայտնում է Reuters-ը։
Լեհաստանը վճարում է Կիևին միլիարդատեր Իլոն Մասկի Starlink ցանցից օգտվելու համար, որն ապահովում է կենսականորեն անհրաժեշտ ինտերնետ կապ Ուկրաինային և նրա բանակին:
Մասկը կիրակի օրը իր X սոցիալական ցանցի գրառման մեջ նշել է, որ «Ուկրաինայի ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն (Starlink-ը)»:
ԱՄՆ կառավարությունն արդեն չեղարկել է արբանյակային նկարահանմանը Ուկրաինայի հասանելիությունը և դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը` ուժեղացնելով ճնշումը Կիևի վրա:
ԱՄՆ-ի բանակցողները, որոնք ձգտում են Ուկրաինայի կարևորագույն հանքային պաշարներին, բարձրաձայնել են այդ ծառայությանը երկրի հասանելիությունը դադարեցնելու հնարավորությունը, փետրվարին Reuters-ին հայտնել էին խնդրին ծանոթ աղբյուրները:
«Starlink-ի ծառայության դիմաց Ուկրաինայի փոխարեն վճարում է Լեհաստանի թվայնացման նախարարությունը տարեկան մոտ 50 միլիոն դոլարի չափով, - գրել է Սիկորսկին X-ում կիրակի օրը:- Ագրեսիայի զոհին սպառնալուց բացի, եթե SpaceX-ը ապացուցի, որ անվստահելի մատակարար է, մենք ստիպված կլինենք այլ մատակարարներ փնտրել»:
Ռուբիոն պատասխան հարված է հասցրել Սիկորսկուն՝ X-ում գրառման մեջ պնդելով, որ նա «ամեն ինչ հորինում է», և որ «ոչ ոք չի սպառնացել Ուկրաինան անջատել Starlink-ից»:
«Եվ շնորհակալություն հայտնեք, որովհետև առանց Starlink-ի Ուկրաինան վաղուց պարտված կլիներ այս պատերազմում, իսկ ռուսները հիմա կլինեին Լեհաստանի սահմանին», - ավելացրել է Ռուբիոն:
Ավելի ուշ Մասկը X-ում գրել է, որ Ռուբիոյի մեկնաբանությունները «բացարձակապես ճիշտ են»: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Հանգիստ եղիր, փոքրիկ մարդ։ Դուք վճարում եք արժեքի միայն մի մասը: Եվ Starlink-ը ոչնչով չի կարող փոխարինվել»։
Լեհաստանի արտգործնախարարության խոսնակը Reuters-ին ասել է, որ Starlink-ի ծառայությունների մատուցումը Միացյալ Նահանգների կողմից բարեգործություն չէ, և որ Լեհաստանը վճարել է դրա դիմաց:





























